суббота, 3 декабря 2011 г.

Ի՞ՆՉ Է ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ


Քաղաքական վայրկյանը, որ կ’ապրի հայությունը, պատմական է եւ գերագույն: Այդ գիտակցությունը խռովքի է մատնել մեզ: Այլեւս սուր կերպով զգացվում է, որ բախտորոշ անկյունադարձը մոտ է, եւ որ նրանից է կախված մեր ժողովրդի լինել-չլինելը: Խորապես գիտակցվում է, որ օրվա մտայնությամբ, անպատիժ կերպով, չենք կարող շարունակել մեր անհայրենիք գոյությունը:
- Ի՞նչ, ի՞նչ է պատրաստում մոտիկ ապագան մեզ համար - ահա՛ չարչարող հարցը, որ վճռապես դրվում է հայ մարդու առջեւ:
Այդ հարցին պետք է պատասխանել մի այլ հարցով - թէ զորութենական ի՞նչ կարողություններ կան թաքնված մեր ցեղի էության մեջ: Իսկ այդ հարցին կարող է պատասխանել ցեղաճանաչը միայն: Արդարեւ՛, առանց ցեղային ինքնաճանաչ ումի` անկարելի է զերծ մնալ սեփական ուժերը ստորագնահատելու, ինչպես եւ գերագնահատելու աղետալի սխալներից:  Ավելի՛ն կա: 
Մի ժողովուրդի էության ստվերային կողմերը ոչ թէ միայն կասեցնում, այլ եւ հաճախ անկարելի են դարձնում նրա դրական հատկությունների զարգացումը, առանց որի, ի հեճուկս Հայաստանի եւ հայության թշնամիների, մեր քաղաքական ճակատագիրը պիտի շարունակի պահել իր անօրինակ դաժանությունը:
Այո՛, ժողովուրդների անզորության եւ դժբախտության ամենաներգործուն պատճառը` իր սեփական էության մասին ունեցած տգիտությունն է, անինքնաճանաչությունը - իմա` անցեղաճանաչությունը:
Մերորյա հայությունը ծանոթ չէ այն հոգեբանական օրենքներին, որ ժողովուրդների զարթոնքը կկառավարեն, այդ իսկ պատճառով նա չի աճում հոգեպես: Դեռ իր խորքին անծանոթ է հայությունը, եւ դրա համար էլ պարտվողական է: Նա դեռ չի սրբել իր աչքերը` իր հոգու միջոցով աշխարհը, իրերը եւ իր սեփական ուժերը անսխալ կերպով տեսնելու համար: Նա դեռ չգիտի չափն իր հոգեւոր զորության, նա չի՛ զգում իր զորության կարողությունները եւ չգիտի, թէ ի՞նչ պայմանների տակ կարող է զարգացնել ու կիրառել այդ ուժերը: Նա դեռ չի զգում իր ուժը եւ չգիտի, թէ ի՞նչ կարող է դառնալ որպես ցեղ:
Եւ հենց այդ է պատճառը, որ նա դեռ գտած չէ իր ներքին կռվանը եւ հաստատ սեւեռուն կետ չունի: Նա հոռետես է, անասելիորեն պարտվողական: Իսկ ժողովուրդները գերազանցորեն լավատես են, զորավոր,
վճռական, երբ սուր կերպով կզգան երկու բան` իրենց ներքին ուժը և իրենց ճակատագիրը բարեփոխելու համար աշխարհի հետ փոխանակած հարվածների քաղցրությունը: Դեռ այդպիսին չէ հայը, որովհետեւ
ցեղաճանաչ չէ: Ինքնաճանաչ չէ մերորյա հայը: Նրա համար հայոց պատմությունը անզորության եւ պարտության, կոտորածների եւ տեղահանության տխուր նկարագրությունն է, եւ ո՛չ ավելին: Իսկ այդօրինակ ըմբռնումը սեփական պատմության մասին այլ բան չէ, եթէ ոչ մի բացասական եւ աղետածին ինքնաներշնչում: Արդ, թէ ինչո՞ւ պէտք է խորացնել մեր պատմական հիշողությունը` վերապրելով մեր ցեղի կտրած-անցած պատմական ողջ ճամբան: Առ այդ մեր անցյալին պետք է մոտենալ մեր պատմության խորիմաստ ուսումնասիրությամբ: Պատմագիտական լույսի տակ պետք է դնել մեր ցեղի գոյության եւ կյանքի ծանրակշիռ խնդիրները, որոնց անսխալ լուծումից է կախված մեր լինել-չլինելը: Հետեւաբար, դառնանք ցեղաճանաչ, քանզի միայն նմանն է դառնում ակտիվ ուժ, քանզի ժողովուրդները միայն ինքնաճանաչությամբ են դառնում որոշ աշխարհայեցողության տեր, իսկ նմանը դառնում է ավելի ստեղծագործ: Ցեղաճանաչությունից զուրկ ժողովուրդը իր նորաբոյս սերունդին կուտա սխալ դաստիարակություն, կ’ունենա սխալ քաղաքականություն եւ սխալ ռազմավարություն:
Հայոց ցեղայնության անծանոթ մանկավարժը, զորականը եւ քաղաքական գործիչը կարող են գործել կուրորեն միայն, առանց գիտական հիմունքի: Իսկ գիտենք, որ ազգերի ճակատագիրը առավելապես կախված է իրենց դաստիարակությունից, արտաքին քաղաքականությունից եւ ռազմավարությունից, որոնցից առաջինը կրթում է նրանց ներքին ուժը` կատարելագործում ցեղը, իսկ երկրորդը եւ երրորդը այդ ուժի իմաստից օգտվելու կարողություն են ընձեռում նրանց:
Սեղմ ասած` բացարձակապես անկարելի է անսխալ դաստիարակություն, քաղաքականություն, ռազմավարություն մշակել` առանց սեփական ցեղի ոգու հիմնական ճանաչման:
Արդ, թէ ի՞նչու եմ ցեղակրոնություն քարոզում:
Ցեղակրոնություն, ասել է` ցեղաճանաչություն, ջերմաջերմ պաշտամունք դեպի ցեղի փառահեղ անցյալը, ապա ստեղծագործ հավատ դեպի ցեղի մեծ ապագան: Ցեղակրոնությունը հայ կյանքի բարձրացող նոր ալիքն է մեր ազգային հոգեւոր կազմվածքի, բնատրամաբանական հակազդումը` իրեն մահվամբ սպառնացող օտար միջավայրերի դեմ:
Ահա՛ թէ ինչո՛ւ կանգնած վաղվա շեմին` մեր անմեռ ցեղի մեծ ապագաի հավատքով ես իմ խռովիչ կանչն եմ ուղղում օտար աշխարհներում ցրված մեր նորահաս սերունդին`
- Եղի՛ր արթուն, արթո՛ւն ցեղորեն:
Եղի՛ր ցեղակրոն:

ՑԵՂԱՅԻՆ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Նժդեհ

"Հայրենիք" օրաթերթ Բոստոն 1933թ

Комментариев нет:

Отправить комментарий