четверг, 8 декабря 2011 г.

Արցախյան ազատագրական պատերազմ




Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը ներգրավում էր նաև աֆղան մոջահեդների, չեչեն վահաբականների ահաբեկչական խմբերի, չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ու պայքարի ելան ագրեսորի դեմ` հանուն իրենց ազատության ու անվտանգ ապագայի։ 1991 թ. սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իրեն անկախ հանրապետություն։ Ազատագրական պայքարի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պատմական Արցախը ազատագրվեց։ Հայերը ստիպեցին ագրեսորին 1994 թ. զինադադար աղերսել։ Կրակի դադարեցման մասին փաստաթուղթը ստորագրվեց 1994թ. մայիսի 12-ին, Բիշքեկում, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Չնայած հրադադարի ռեժիմին` ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս էլ պարբերաբար խախտում են այն։ Հայկական ուժերը որոշ դեպքերում ստիպված են լինում պատասխան կրակով լռեցնել ադրբեջանական կրակակետերը։ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում փորձում է հակամարտության էությունը լիովին նենգափոխել, աղավաղելով պատմական ու քաղաքական իրողությունները, իրեն որպես զոհ, իսկ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով։ Սակայն ցինիզմի, ստի ու կեղծիքի քաղաքականությունը, որով այդ երկիրը փորձում է կերակրել միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին ուղղվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները դատապարտված են անհաջողության։ Բոլորի համար էլ ակնհայտ է պատմական ճշմարտությունը, իսկ հայկական զինված ուժերը համարվում են տարածաշրջանում ամենակազմակերպվածն ու ամենամարտունակը։ Լեռնային Ղարաբաղը առայժմ միջազգայնորեն չճանաչված անկախ պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի ակնհայտ ապացույցներով:

Комментариев нет:

Отправить комментарий