1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից,
Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին
Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար
ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար
գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը
հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն
պետություն: Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի
դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց:
1918 թվական
- 1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Ա. Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հ. Հախվերդյան, արդարադատության նախարար՝Գ. Պետրոսյան:
- 1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն:
- 1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն):
- 1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը եւ Լոռին:
- 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված:
- Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում:
- 1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջեւ կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին:
1919 թվական
- 1918թ. աշնանից մինչեւ 1919թ գարուն սովի եւ համաճարակների հետեւանքով մահացավ մոտ 150.000 մարդ:
- 1919թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օգնությանը:
- 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները: Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ, 1-ը՝ եզդի:
- 1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չէին խնայել:
1920 թվական
- 1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:
- 1920թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր:
- 1920թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը:
- 1920թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը:
- 1920թ, մայիսի 1-ին Երևանում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր:
- 1920թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ա. Խատիսյանի կառավարությունը: Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ:
- 1920թ. հունվարին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը:
- 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:
- 1920թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը: ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր:
- 1920թ.-ի հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների եւ զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց: Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր:
- Նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար:
- 1920թ. նոյեմբերի 23-ին Հ. Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց եւ կազմվեց նորը` Ս. Վրացյանի գլխավորությամբ: Այն կոալիցիոն էր և կազմված էր ՍՀԿ հետ միասին:
- Նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից: Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914թ. դրությամբ Արեւելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը: Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան եւ Արաքս գետերի հունով: Իսկ Նախիջեւանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչեւ որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր:
- 1920թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր:
- 1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումար, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը:
- 1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին:
- 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը եւ Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշեւիկ Սարգիս Կասյանը, մտան Իջեւան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման եւ Հայաստանի խորհրդայնացման մասին:
- 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր: Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր Ռազմահեղափոխական կոմիտեին:
- 1920 թ.-ի դեկտեմբերին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով: Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի եւ Ռուսաստանի բանտեր: 1921թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում` Դանիել բեկ Փիրումյանը: Նրա եղբայր Պողոս բեկ Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց: